Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի Ֆեյսբուքյան անձնական էջին տիրանալու առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա փոխանցմամբ, սեպտեմբերի 5-ին ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:
Նախապատրաստված նյութերը ՀԿԳ քննության վարչությունում ստացվել են սեպտեմբերի 10-ին, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Մոտ մեկ շաբաթ առաջ անհայտ անձինք կոտրել էին ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջն ու հրապարակել ռեկտորին վերագրվող նամակագրություն նրա ընկերոջ դստեր հետ. այն համեմված էր գռեհիկ բառապաշարով եւ վիրավորանքով տարբեր անձանց, այդ թվում' ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին: Հարցը բավական լայն արձագանք գտավ մամուլով, ինչից հետո ռեկտորը հայտարարեց, որ կատարվածը ստորություն է ուղղված իր եւ իր ղեկավարած բուհի դեմ: