Ինձ չի սազում մտնել մանր քաղաքական հարաբերությունների մեջ. Գագիկ Ծառուկյան
Ես երբեք չեմ մտել եւ չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են, իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առեւտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում: Այս մասին Zham.am-ին տված հարցազրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար եւ անհետաքրքիր զբաղմունք է:
Եթե ես քաղաքական դաշտում մտածեի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապես չէի մտնի քաղաքականություն»,-ասել է նա՝ հավելելով, որ քաղաքական դաշտում լինելու իմ միակ դրդապատճառը ժողովրդի վատ վիճակն է, որոնք թողնում հեռանում են:
Անդրադառնալով ԲՀԿ-ի առաջիկա անելիքներին, Ծառուկյանը նշել է. «Մոտակա ժամանակներում ես պլանավորում եմ քաղաքական հանդիպումների եւ խորհրդակցությունների մեծ փուլ` քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ հիմա կա նման հանդիպումների անհրաժեշտությունը: Եվ ակնհայտորեն կա նման ցանկություն շատերի մոտ:
Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարեւոր են` մոտեցումների հստակեցման, տեսակետների փոխանակման եւ առաջիկա անելիքների քննարկման համար»:
Ինչ վերաբերում է Քառյակի ճակատագրին, Ծառուկյանն ասել է. «Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով»: