Արդեն մի քանի օր է, ինչ դադարեցվել են Սևանա լճից ջրբացթողումները՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, այս տարվա ապրիլից մինչևսեպտեմբերի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 269 միլիոն 14 հազար խորանարդ մետր ջուր, ինչի արդյունքում և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 10-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով: Եթե նախորդ տարվա սեպտեմբերի 10-ի դրությամբ Սևանա լճի հայելին գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա, ապա այս տարվա նույն օրը՝ 1900 մետր 27 սանտիմետր:
Սևանի մակարդակի պահպանման վրա մյուս կողմից բացասաբար է անդրադառնում տևական տաք ու առանց տեղումների եղանակը, որը շարունակվել է նաև սեպտեմբերի առաջին տասնօրյակում: