Էբոլա վիրուսով վարակվելու հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 2,4 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանին:
Ավելի վաղ ԱՀԿ-ն պաշտոնապես հաստատել էր 2296 հիվանդացածների զոհվելը:
«Սեպտեմբերի 12-ի տվյալներով՝ զոհվել է ավելի քան 2400 մարդ, վարակված են 4784-ը»,- ասված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Մարգարետ Չանը նշել է, որ առավել տուժած երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա-Լեոնեում հիվանդությունն այնքան արագ է տարածվում, որ հատուկ բժշկական կենտրոնները չեն հասցնում ընդունել բոլոր հիվանդներին:
Ավելի վաղ Լիբերիայի պաշտպանության նախարար Բրաունի Սամուկայը հայտարարել է, որ երկիրը բախվել է «իր գոյության լուրջ սպառնալիքին», քանի որ մահացու Էբոլա վիրուսը տարածվում է «անտառային հրդեհի նման»: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև, նա նշել է, որ հիվանդության բռնկմանը միջազգային հանրակցության արձագանքը չափազանց զուսպ է եղել: Նրա խոսքով՝ վարակի դեմ պայքարելու համար Լիբերիայում չեն բավականացնում ոչ ենթակառուցվածքային հնարավորությունները, ոչ մասնագետները, ոչ էլ ֆինանսական ռեսուրսները:
Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է ճանաչել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը:
Էբոլա վիրուսն առաջին անգամ բացահայտվել է 1976 թվականին Զաիրում (ներկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանվել է այն գետի անունով, որի ափին գտնվում էին առաջին վարակվածների գյուղերը: Արևմտյան Աֆրիկայում ներկայիս բռնկումը ամենամահաբերն է դարձել հիվանդության գոյության գրեթե 40-ամյա պատմության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: