Հայ-բելառուսական դաշնակցային համագործակցությունը խորացվում է տնտեսական կապերի ամրապնդմամբ: Այս մասին հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստից հետո ՀՀ Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Օրակարգում կար երեք հարց՝ առևտրատնտեսական համագործակցության խորացո ւմը, խորհրդարանական վեհաժողովներում մեր երկու երկրների պատգամավորների համագործակցությունն ու Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակի միջոցառումները»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ կողմերը եկան այն եզրահանգման, որ տնտեսական համակագործակցությունն ավելի ակտիվացնելու համար միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին պետք է ներգարվվեն նաև միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները: «Մեր համագործակցությունը գործնական հողի վրա դնելու համար առաջարկեցինք, որ հայ-բելառուսական արտադրամասեր բացվեն Հայաստանի ամենակարևոր մարզում՝ Շիրակում, մասնավորապես, Գյումրի քաղաքում, և դրանում կա փոխադարձ ըմբռնում: Նախնական պայմանավորվածություն կա, որ մոտ ապագայում Գյումրիում ստեղծվի գյուղատնտեսական համատեղ ընկերություն»,- տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Շարմազանովի հավաստմամբ՝ քննարկվեց նաև ուղիղ ավիաչվերթների խնդիրը՝ Գյումրի-Մինսկ ուղղությամբ, որը կխթանի Գյումրիում տրանսպորի զարգացումը: «Կողմերը կարևորեցին միջխորհրդարանական վեհաժողովներում համագործակցությունը: Մենք դաշնակիցներ ենք, ուստի, շատ կարևոր է համագործակցությունը: Իմ գործընկերը ևս մեկ անգամ շեշտեց, որ Բելառուսի ձգտումն է՝ Ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: Մենք ընդունել ենք համատեղ հռչակագիր, որտեղ անընդունելի ենք համարում ֆաշիզմի, ռասիզմի, նացիզմի, այլատյացության ցանկացած դրսևորում»,- նշեց Շարմազանովը:
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին, ով հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, նշեց, որ նիստի արդյունքում ձևակերպել են այն խնդիրները, որոնց ուղղությամբ կողմերը պետք է աշխատանք տանեն: «Ես նշել եմ, որ մեր այսօրվա նիստը հոբելյանական է. տասը տարի է անցել, երբ որոշվեց ձևավորել հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով: Այս ընթացքում փոխվել են պատգամավորներ, խոսնակներ, բայց հանձնաժողովը շարունակում է աշխատել»,- հայտնե ց Վիկտոր Գումինսկին: