Անհայտ անձինք զինված հարձակում են գործել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրված Սալահեթդին Դեմիրթաշի' Ստամբուլի Քյուչյուկչեքմեջեի շրջանում գտնվող ընտրական շտաբի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, HDP-ն այդ հարձակումը «ռասիստական» է բնութագրել:
«Այդ ռասիստական, ֆաշիստական հարձակումները չեն խոչընդոտելու երկրում հաշտության, ժողովրդավարության, ազատության հաղթանակին», -միջադեպի առնչությամբ արած հայտարարության մեջ նշել է HDP-ն:
HDP-ն կոչ է արել թուրքական հասարակությանը միանալ նախագահի թեկնածուի ընտրական գրասենյակի վրա զինված հարձակումը դատապարտելու վերաբերյալ իրենց կողմից պատրաստվող հայտարարությանը: HDP-ն թուրքական իշխանություններին կոչ է արել ապահովել ընտրությունների անվտանգությունը երկրում: ՀԴՊ-ն նաեւ հայտնել է, որ հետեւողական է լինելու հանցագործներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում:
Նշվում է, որ զինված հարձակման ժամանակ վիրավորներ եւ տուժածներ չկան: