Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց` Գևորգ Քոչարի փողոցի 4 հասցեում բնակիչները կորցրել են իրենց հանգիստը: Պատճառն այն է, որ բնակելի շենքերի տարածքում նոր` «Սինդի» գիշերային ակումբ է բացվել: Հարակից տարածքի մի քանի բնակիչներ Orer.am-ի հետ զրույցում ասացին, որ սկսած երեկոյից սկսվում է մեքենաների հոսքը դեպի գիշերային ակումբ, իսկ առավոտյան նշված տարածքում զանազան հակահիգիենիկ և «ոչ մարդկային> իրեր են հայտնվում փողոցում.« Խնդիրն այն է, որ այդ ամենը տեսնում, լսում են նաև երեխաները, իսկ գիշերները քնելու մասին արդեն մոռացել ենք»: Բնակիչներից մեկն էլ, ով նույնպես չցանկացավ ներկայանալ, ասաց. «Աղմուկն անընդհատ խանգարում է, անվտանգության խնդիր ևս կա, որովհետև ակումբում ալկոհոլ են օգտագործում , հետո կեսգիշերին դուրս են գալիս և աղմկում, նույնիսկ վախենում ես ուշ ժամին տուն վերադառնալ` վտանգավոր է»: Բնակիչները զայրացած են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, որ բնակելի շենքերի տարածքում զվարճանքի վայր է կառուցվել, իսկ անդորրը խաթարվել է ինչ-որ մեկի գիշերային ակումբի պատճառով: