ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը Orer.am-ի հետ զրույցում հերքեց շշուկներն այն մասին, թե ՕԵԿ-ը դիմել է «եռյակին»` հանրահավաքին մասնակցելու համար և մերժում է ստացել: «Նման խոսակցություն չի եղել ոչ դիմել, ոչ ընդունել- չընդունել, ոչ համաձայնել-չհամաձայնել, նման որևէ բան չի եղել և՛ ՕԵԿ-ի կողմից, և՛ «եռյակի» կողմից: ՕԵԿ-ը որևէ մեկին նման հարցուվ չի դիմել»: Դիտարկմանը, թե խորհրդարանում քննարկվող շատ նախագծերի, հարցերի վերաբերյալ ՕԵԿ-ի և խորհրդարանական ոչ իշխանական ուժերի տեսակետները համընկնում էին, այդ դեպքում ինչո՞ւ ՕԵԿ-ը հանրահավաքի մասնակցելու ցանկություն չի հայտնել` Արթուր Միսակյանը պատասխանեց. «Կան սոցիալական, տնտեսական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, որոնց հետ ՕԵԿ-ի և խորհրդարանական ոչ իշխանական ուժերի տեսակետները համընկնում են: Դա նորմալ քաղաքական գործընթաց է, երբ խորհրդարանական քաղաքական ուժերը որոշակի հարցերի շուրջ համակարծիք են, սակայն «եռյակի» կամ «քառյակի» մաս դառնալու խնդիր ՕԵԿ-ի օրակարգում չկա: Նման հարց ՕԵԿ-ը չի քննարկում, որպեսզի դիմի` ընդունվի կամ չընդունվի: Եվ նաև հստակ տարանջատենք, «քառյակը» կամ արդեն «եռյակը» փաբ ակումբ չէ, որտեղ կարելի կլինի դիմել` անդամագրվելու համար: ՕԵԿ-ը «եռյակի» մաս կազմելու խնդիր չի քննարկում»: