Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` սահմանամերձ Վազաշեն, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներ այցելության ժամանակ ՀՀ Կառավարությունից՝ վարչապետին զեկուցել էին, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմանների` մասնավորապես անձրևների, և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով, փոքր-ինչ կերկարաձգվի: Վազաշեն համայնքնում վարչապետը հանձնարարել էր, որպեսզի Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհը շահագործման հանձնվի մինչև օգոստոսի վերջ: Օգոստոսի վերջից անցել է գրեթե մեկ ամիս, իսկ թե ի՞նչ վիճակում է ճանապարհաշինությունը և շահագործման հանձնելու համար ի՞նչ վերջնաժակետ է սահմանվել ORER.am-ը փորձեց ճշտել Վազաշեն և Պառավաքար համայնքների ղեկավարների հետ: Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ ճանապարհաշինությունը կարճ ժամանակով դադարեցված է եղել, սակայն հիմա աշխատանքը բնականոն հունով առաջ է ընթանում, իսկ թե երբ կհանձնվի շահագործման հստակ չգիտի: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանի խոսքով էլ` այդքան սպասված այլընտրանքային ճանապարհը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջ: Նշենք, որ այլընտրանքային ավտոճանապարհի երկարությունը 3,2 կմ է, այն կառուցվում է անվտանգության նկատառումներով: Ճանապարհի 250 մետր երկարությամբ հատվածում կառուցվում է 5-10 մետր բարձրությամբ պատ, որը թույլ չի տա, որպեսզի ճանապարհը տեսանելի լինի հակառակորդի դիպուկահարների կողմից և անվտանգ լինի տեղի բնակչության համար: