Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: Նախքան օերնքի նախագիծը քվեարկության դնելը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանամերձ Մովսես, Ներիքն Կարմիրաղբյուր և նույն կարգավիճակ ունեցող մի շարք գյուղերի բնակիչների համար օրենքով նախատեսվում է, որպեսզի նրանց կոմունալ վճարների 50 տոկոսը վճարվի պետբյուջեից, ականների պայթյուններից, հակառակորդի կողմից կրակոցների հետևանքով վիրավորված բնակիչների բուժումը կատարվի պետական միջոցներով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը` հարցն Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում չընդգրկվելու վերաբերյալ. «Գլխադասային հանձնաժողովի` ԲՀԿ և ՀՀկ ներկայացուցիչները կողմ չեն եղել: Հանձնաժողովի ԲՀԿ ներկայացուցիչն ասում է, որ օրենսդրական տեխնիկայի խնդիր կա: Սրան չեմ էլ անդրադարձել, որովհետև այլ օրենքներում փոփոխության կարիք չկա: ՀՀԿ ներկայացուցիչը պատճառաբանում է, որ Կառավարությունը սահմանապահ գյուղերի վերաբերյալ ավելի համապարփակ օրենսդրական փաթեթ է ներկայացնելու: Ես ներկա եմ եղել այդ քննարկմանը և կարող եմ փաստել, որ այս օրինագծի նման նախագիծ Կառավարության օրակարգում չկա»: Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը ցանկանում է արտոնություններ տալ ձեռնարկատերերին, սակայն իր նախագծով առաջարկվում է օգնել անմիջապես բնակչին: Փաշինյանի խոսքով` օրակարգում հայտնվելու դեպքում ինքը որոշել է անձմամբ մոտենալ յուրաքանչյուր խմբակցության և երկու պատգամավորի առաջարկել ներկայացնել իր առաջարկը` որպես համահեղինակ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը հայտարարեց,որ ՀՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» կոչ արեցին կողմ քվեարկել նախագծին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի`«Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը չընդգրկվեց ԱԺ քառօրյա`54 ձեռնպահ, 3 դեմ և 40 կողմ ձայնով: