Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ անսպասելի այց կատարեց Նոյեմբերյանի տարածաշրջան: Կողբի զորամասում վարչապետն ու նախարարը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ հանդիպեցին սահմանամերձ համայնքների ղեկավարների, սպայական անձնակազմի և զինվորների հետ: Վարչապետը նշեց, որ աշխատանքներ են տարվում զինվորականների և սահմանապահ գյուղերի բնակիչների սոցիալական խնդիրների լուծման համար, խոստացավ հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը մտադիր է հարկերից ազատել սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց՝ հնարավորություն ստեղծելով նոր աշխատատեղեր բացելու և համայնքների գործարար կյանքը ակտիվացնելու համար:
Վարչապետը, արձագանքելով համայնքապետերից մեկի հարցին, նշեց, որ քննարկվում է սահմանապահ գյուղերի բնակչության էլ. էներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:
Պաշտպանության նախարարը կիսվեց հայկական բանակի մարտական ոգու մասին իր տպավորություններով՝ նշելով, ար թշամին առնվազն մեկին ութ հարաբերակցությամբ հակահարված է ստանում:
Վարչապետն ու Պաշտպանության նախարարը հանդիպում ունեցան նաև Կողբի մարզադաշտում հավաքված Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների հետ, շնորհակալություն հայտնեցին փոխըմբռնման և սահմանը ամուր պահելու համար...