«ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաև` տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև հաղորդակցության հարթակ ստեղծելը»,-այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ Էդուարդ Սարիբեկյանը: Հանրային կապերի մասնագետը նշեց, որ տարեցտարի առաջընթաց է գրանցվում թե՛ մասնակի, թե՛ ցուցադրող ընկերությունների, այդ թվում և գործարար ընկերությունների քանակն է ավելանում, այցելուների քանակը նույնպես. «Այս տարի մենք ակնկալում ենք, որ ցուցահանդեսին կայցելի մոտ 30 000 մարդ: Այդ թիվն էլ, երեկվա արդյունքերի համաձայն` իրականացվող թիվ է: Ինչ վերաբերում է հոբելյանական մասին` մի քանի հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել: Օրինակ` «Ռոբոֆեստը», որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս շրջանակներում կազմակերպվել է նաև էկոռոբոտաշինական մրցույթ` փչացած սարքավորումենրից և թափոններից կազմված: Դրանց մի մասը որևէ ֆունկցիա չի կատարում, բայց խնդիրը բնապահպանական է: Կան նաև խմբակներ, որտեղ խաղեր են նախագծում տեղում` սցենար, դիզայն, ծրագրային լուծումներ են անում և այլն: Վաղը դրանք ամփոփվելու են»: Խաղեր ստեղծող խմբակներից մեկի` «Լոգոտրումի» անդամը` Քրիստինե Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ իրենց խմբակը բաղկացած է չորս հոգուց և նրանք գծում են Երևանը 3D տարբերակով, որտեղ խաղալու են ավտոմրցարշավորդները. «Այսինք` վիրտուալ Երևանն ենք պատկերում` իր փողոցներով, շենքերով, բոլոր մանրամասներով, որտեղ տեղի է ունենալու ավտոմրցույթ: Այս ծրագիրը կօգնի նաև զբոսաշրջիկներին»: