Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որի կազմում են Սոպոտի քաղաքապետի տեղակալ Յոհաննա Չիխոդսկան, քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ, ներկայացուցիչներ, Սոպոտի պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկին։
Կողմերը զրուցել են հայկական և լեհական մշակութային կապերի, գործիչների, ինչպես նաև հայկական արմատներ ունեցող, բայց Լեհաստանում ստեղծագործած կամ համաշխարհային արվեստագետների գործունեությունը երկու քաղաքների հանրության շրջանում առավել ճանաչելի ու հանրահայտ դարձնելուն ուղղված գործուն քայլերի ու նոր առաջարկների մասին։
«Ուրախ եմ, որ Երևանում ներկայացնում եք ձեր գողտրիկ քաղաքը՝ Սոպոտը, որը հայտնի է որպես մշակութային քաղաք։ Մենք տեսնում ենք Երևանի և Սոպոտի միջև կապերի զարգացման ու ամրապնդման ներուժը, և առաջարկում եմ մշակութային բազմակողմ շփումներ, համագործակցություններ նախաձեռնել։ Ուրախ կլինենք արդեն մոտ ապագայում գործնական քայլեր կատարել այս ուղղությամբ»,-նշել է Երևանի քաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Հյուրերն ընդգծել են, որ առաջին անգամ չէ, որ Երևանում են և յուրաքանչյուր անգամ նոր տպավորություններով են մեկնում Հայաստանից։
«Սոպոտը շատ փոքր քաղաք է, միևնույն ժամանակ շատ ակտիվ արվեստի բնագավառում։ Երևանը մշակութային մեծ հետաքրքրություն է պարունակում, և այս օրերին արդեն այցելել ենք մի շարք մշակութային կառույցներ, մի քանիսն էլ դեռ այցելելու ենք»,-նշել է Սոպոտի քաղաքապետի տեղակալ Յոհաննա Չիխոդսկան և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հրավիրել հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող՝ ծագումով հայ, լեհ գեղանկարիչ, առավելապես որպես դիմանկարիչ հայտնի Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսին։
«Այս ցուցահանդեսը ևս մեր համագործակցության ներուժի վկայությունն ու առհավատչյան է, և շատ ուրախ եմ, որ մշակութասեր երևանյան հանրույթը այս օրերին հնարավորություն կունենա ծանոթանալու տաղանդաշատ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքներին»,- հրավերն ընդունելով հավելել է Արամ Սուքիասյանը։