Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ստորագրել է հրաման՝ հանձնարարելով վերադաս հարկային մարմնի ստուգման իրավասություններ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և հարկային (տարածքային) տեսչությունների պետերին՝ վերապահված իրավասությունների շրջանակում վերահսկողություն իրականացնել բացառապես ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի տվյալներով բարձր ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ ձեռնպահ մնալով ցածր ռիսկային համարվող ՓՄՁ-ների մոտ որևէ անհարկի հսկողական գործողությունից:
Հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքին՝ «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ նախարարը հանձնարարել է նաև ՓՄՁ-ների մոտ ծագած խնդիրներով առավելագույնս համագործակցել նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ՝ անմիջապես արձագանքելով և համապատասխան ընթացք տալով ներկայացված բողոքներին:
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող փոքր և միջին ձեռներեցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ իրենց մտահոգությունները: Վարչապետի հետ հանդիպումից հետո ՓՄՁ-ների ներկայացուցիչները նշել են, որ կառավարությունը ՓՄՁ-ների կողքին է, և որևէ մեկը չի ցանկանում, որպեսզի մեր երկրում ՓՄՁ փակվի: Նրանք հանդիպելու էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այնուհետև կրկին վարչապետին՝ քննարկումները շարունակելու համար:
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկի 3.5 տոկոսը նվազել և դարձել է 1 տոկոս: Նախագծով կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել նաև ընտանեկան բիզնեսին: Սակայն առեւտրականները դժգոհում են, որ պետք է աշխատեն հստակ փաստաթղթաշրջանառությամբ: