Մենք միշտ ասել ենք` մեզ ոչ ձեր պաշտոնն է հետաքրքրում, ոչ էլ ձեր հնարավորությունները, մեզ հետաքրքրում է ժողովրդի պահանջը. Տիգրան Ուրիխանյանը` Գյումրու հանրահավաքին
Հանրապետության երկրորդ քաղաքում մեկնարկել է եռյակի` ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի հանրահավաքը, որի շրջանակներում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը,- հայտնում է Orer.am-ը: Նա ասաց, որ Գյումրիում ամփոփիչ հանրահավաքն է տեղի ունենում հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ: «Երբ խորհրդարանական երեք ուժերն ուս-ուսի տված առաջ քաշեցին շարքային հայաստանցում հուզող օրակարգ` բաղկացած խնդրից, իշխանությունները պատասխանեցին ոչինչ չանելով: Երբ ուժգնացավ մեր պայքարը, մեր պահանջները դրվեցին ավելի սուր, մեզ պատասխանեցին պարտադիր կուտակային համակարգը ներդնելով: Երբ ցասումն ու զայրույթը գնաց դեպի գագաթնակետ` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսեց տուգանել հայսատանցիներին առանց դատական վճռի: Երբ խոսեցինք, որ Հայաստանը դատարկվում է, իսկ երկրում մնացած քաղաքացին այլևս կենսակերպ ապահովելու հնարավորություն չունի` մեզ պատասխանեցին ուղղակի մերժմամբ: Այն 12 կետերը, որոնք միասնաբար ենք առաջ քաշել, ուղղակի մերժում ստացան, իսկ բացատրությունները լավ կուշտ կերած, թանկարժեք ծառայողական մեքենայով երթևեկող չինովնիկի շուրթերից հնչեցին որպես անտարբերություն ու արհամարհանք: Մենք միշտ ասել ենք` մեզ ոչ ձեր պաշտոնն է հետաքրքրում, ոչ էլ ձեր հնարավորությունները: Մեզ հետաքրքրում է ժողովրդի պահանջները»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը: Իր խոսքում Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ միասնաբար հավաքվել են, որպեսզի ուժգին հարված հասցնեն անտարբերությանը և սա է հիմնական պատճառը, որ առաջին անգամ խորհրդարանական երեք ուժեր հանդես են գալիս միասնական: Ուրիխանյանն ասաց, որ իշխանությունը պատասխան է տալու բոլոր նրանց, ովքեր իրենց օրը քարշ են տալիս Հայաստանում և իշխանությունը պատասխան է տալու ոչ միայն նրա համար, որ վատն է, այլ նրա համար, որ արհամարհում է ժողովրդին: