Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած ՌԴ Պսկով քաղաքի քաղաքապետ Իվան Ցեցերսկիի հետ: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը. «Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաև աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, ինչը կնպաստի քաղաքների միջև կապերի էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Վստահ եմ՝ Երևանը և Պսկովը նույնպես համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Երևանի օրվա կապակցությամբ՝ Պսկովի քաղաքապետ Իվան Ցեցերսկին իր հերթին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Պսկովի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում և Ձեզ հետ միասին տոնել մշակութային հարուստ ավանդույթներ ու 2796 տարվա պատմություն ունեցող քաղաքի օրը: Պետք է խոստովանեմ, որ հիացած եմ Երևանի տոնական տեսքով ու մթնոլորտով և վստահ եմ, որ հրաշալի տպավորություններով եմ վերադառնալու: Քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումն իսկապես անհրաժեշտություն է, և վստահեցնում եմ՝ մեզ համար շատ կարևոր է Երևանի նման գործընկեր քաղաք ունենալը»,- նշել է Իվան Ցեցերսկին: