ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Մարդու իրավունքների 2013թ. տարեկան զեկույցին,-այս մասին հայտնում է Orer.am-ը:
Արամ Մանուկյանի խոսքով՝՝ տարեկան զեկույցը ևս պաշտպանության կարիք ունի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը իր աշխատանքը կատարել է բծախնդիր ու լավ. «Վախենում եմ գովել Մարդու իրավունքների պաշտպանին, որ իշխանությունները չհարձակվեն այդ մարդու վրա»:
Անդրադառնալով վիճակագրությանը ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ Հայաստանից ՄԻԵԴ դիմած բողոքներից 285-ը դեռևս քննարկման փուլում են, իսկ կայացված 46 վճիռներից 45-ի դեպքում Հայաստանը պարտվել է, ինչն էլ ըստ պատգամավորի, նշանակում է, որ Հայաստանը 98% դեպքերում պարտվել է, այսինքն՝ Հայաստանում անարդար վճիռ է կայացվել: Արամ Մանուկյանը նաև նշեց, որ համարյա 100% դեպքերով Հայաստանում դատական համակարգը անարդար վճիռ է կայացնում. «10 բողոքների դեպքում ՀՀ դատարանը կանխել է՝ փոխելով իր վճիռը՝ հետ է կանչել ՄԻԵԴ-ից: Եթե սա էլ հաշվենք, ապա ստացվում է, որ համարյա 100 տոկոսանոց դեպքերով, այն բողոքները, որոնք գնում են ՄԻԵԴ, բավարարվում են»: