ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Մարդու իրավունքների 2013թ. տարեկան զեկույցին և ՀՀ-ում տեղի ունեցած չբացահայտված սպանություններին,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Փաշինյանն անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը` ասաց, որ նա կարևոր հայտարարություն է արել ԱԺ ամբիոնից, չնայած, որ ներկայացրել է ակնհայտը.«ՄԻՊ-ն ասաց, որ «մարտի մեկի» էջը փակված չէ, միաժամանակ չափազանց տարօրինակ է, քանի որ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն էլ հայտարարել է, թե «մարտի մեկի» բոլոր բացահայտումներն իրականացված են: Դե թող կանգնի հանրության առաջ ու ասի` ո՞վ է սպանել Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Սամվել Հարությունյանին, Գոռ Քլոյանին, Արմեն Ֆարմանյանին...»:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Աղվան Հովսեփյանի դատախազության տարիներին տեղի է ունեցել նախկին Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը. «Բոլոր բացահայտումներն «իրականացրեց» Աղվան Հովսեփյանը ու դարձավ դատախազ, ընթացս դատախազ»:
Ըստ Փաշինյանի՝ չբացահայտված սպանությունների վերաբերյալ հանրությունն իր դատողություններն ունի, շատերը նույնիսկ համոզված են, որ «մարտի մեկի» սպանությունները կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո. «Սա ճիշտ գնահատական է, այն պայմանով, որ իշխանափոխություն ասելով նկատի ունեն իշխանափոխություն և ոչ թե իշխանության տրանսֆորմացիա` կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա: Ոմանք սա համարում են ռեալ պոլիտիկ, ոմանք` հանճարեղ քաղաքագիտական հայտնագործություն, իմ մոտեցումը մի փոքր այլ է. ոչ ոք չի՛ մոռացվել, ոչինչ չի՛ մոռացվել, և «մարտիմեկյան» ոճիրի յուրաքանչյուր մասնակից պետք է սպասի, որ արդարադատությունը բախելու է իր դուռը, արդարադատությունն անպայման գալու է իր հետևից»: