Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղյալ է հայտարարվել մինչև 130 չվերթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ձեռնարկված միջոցները նախազգուշական բնույթ են կրում, քանի որ, կանխատեսման համաձայն՝ օրվա ընթացքում սպասվում են փոթորկալի քամու պոռթկումներ:
Չեղյալ հայտարարված չվերթերը վերաբերում են Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի, ինչպես նաև Կարիբյան ավազանի մի շարք երկրների օդանավակայանների հետ ավիահաղորդակցությանը:
Ըստ օդերևութաբանների հաղորդումների՝ Մեծ Բրիտանիայում ցիկլոնի պատճառով սպասվում է փոթորիկ: Մասնավորապես, Հյուսիսային Իռլանդիայում քամու արագությունն արդեն հիմա հասնում է վայրկյանում 20 մետրի: Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել: