Կանադայի ներքին գործերի նախարարը նոյեմբերի 6-ին Փարիզում կմասնակցի ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևին: Հանդիպումը նվիրված կլինի հակաահաբեկչական խնդրին:
«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ հրավերն ուղարկվել է իմ՝ Կանադայի պաշտոնակից Սթիվեն Բլենին: Նա ընդունել է հրավերը»,- նշել է Կազնեվը:
Երկու նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միջազգային համագործակցության բարձրացման և ազգային հետախուզության տվյալների փոխանակման անհրաժեշտությունը:
Բացի Կանադայից և Ֆրանսիայից, նոյեմբերի 6-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Լեհաստանի ներքին գործերի նախարարները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Շաբաթվա սկզբից Կանադայում տեղի է ունեցել երկու զինված հարձակում ռազմական անձնակազմի վրա: