Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա սեպտեմբերի 26-ից առայսօր ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն էր ստանում Երևանում: Մեկամսյա հիվանդանոցային բուժման ընթացքում Արսենն անցել է անհրաժեշտ բուժման կուրսը: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, հիվանդությունը ռեմիսիայի (հետզարգացման) փուլում է: Նշանակված համապատասխան դեղորայքի ընդունումը Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում' միաժամանակ գտնվելով գիտաբժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության ներքո' 15-օրյա պարբերականությամբ հետազոտություն անցնելով նույն բուժհաստատությունում: