Նոր Նորք վարչական շրջանի թվով 3 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. քննություն է տարվում մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննություն է կատարվում` պարզելու հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի և դրա արդյունքներով Էդ.Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները։
Բացի այդ, ստուգվում է նշված անհատ ձեռներեցի կողմից օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիսն այլ հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ առաքելու, ինչպես նաև` հարկային պարտավորություններից խուսափելու հավանականությունը:
Քրեական գործի շրջանակներում նշանակվում են համալիր ստուգումներ և փորձաքննություններ:
Վարույթն իրականացնող մարմինը մշակել է աշխատանքային վարկածներ՝ քննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունն ապահովելու համար։
Միջոցներ են ձեռնարկվում մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։