Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացածների թիվն հասել է 1427-ի: Այս մասին հայտարարվել է այսօր Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից:
Ըստ հրապարակված տվյալների, միայն անցած երկու օրերին Լիբերիայում, Սյեռա Լեոնեում, Նիգերիայում ու Գվինեայում մահացել է 77 մարդ: Միաժամանակ ԱՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ մահացածների իրական թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան հայտնվում է: Կազմակերպությունը նշում է, որ հաճախ վարակակիրների հարազատները թաքցնում են վարակի դեպքերը և քանի որ Արևմտյան Աֆրիկայում այն համարվում է անբուժելի, մարդիկ վարակակիրներին թողնում են տանը մահանալու և բժիշկների չեն հրավիրում:
“Գյուղերում մահացածների դիակները պարզապես այրվում են ու որևէ մեկին կամ որևէ կառույցի այդ մասին չի իրազեկվում: Ոչ էլ պարզվում են մահացածի մահվան հանգամանքները”,- նշված է ԱՀԿ զեկույցում: Միաժամանակ նաև նշվում է, որ վարակի հանդեպ ունեցած վախի պատճառով, համաճարակի օջախներում բուժանձնակազմը պարզապես հիվանդության հանդեպ ունեցած վախով պայմանավորված, չի աշխատում ու շատ բուժհաստատություններ պարզապես փակ են:
Թեև հայտարարվեց որ երկու ամերիկացի բժիշկներ բուժվել են ամերիկյան ZMapp պրեպարատով, սակայն բժիշկները այս փաստի հանդեպ բավական սկեպտիկորեն են տրամադրված: