Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ, հայտնում է ria.ru-ն:
Լավրովը հայտարարել է, որ խաղաղ բնակչության դեմ ուկրաինացի ուժայինների գործողությունները «ռազմական հանցագործություն» են, իսկ անջատողականների կողմից նման գործողություններ չեն արվում:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել ներուկրաինական երկխոսությանը, «որն ուկրաինացիներին կօգնի ապրել մեկ պետության կազմում»:
Սակայն, ըստ նրա, կարևոր է հարցը, թե ինչպես պետք է ապակենտրոնացում կատարվի և ինչ իրավասություններ են ունենալու Ուկրաինայի շրջանները: Ամեն դեպքում Լավրովն ընդգծել է, որ դա պետք է արվի բանակցային գործընթացների շրջանակներում:
Ավելի վաղ նա ասել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի արտգործնախարարություն նոտա է հղել, որով տեղեկացրել է նոր մարդասիրական բեռներով ավտոշարասյուն պատրաստելու մտադրության մասին: