Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երաժիշտ Անդրեյ Մակարևիչի նամակը Վլադիմիր Պուտինին՝ ենթադրելով, որ ճնշումները, որոնց մասին գրում է երաժիշտը, կարելի է նաև բնորոշել որպես հասարակական արձագանք, գրում է Взгляд-ը:
«Մենք նամակի մասին դեռ չենք զեկուցել նախագահին, որովհետև այն ուշ երեկոյան է հայտնվել: Բնականաբար, դա կհաղորդվի նախագահին»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ չի հասկանում, թե ինչու է նամակի հասցեատերը Վլադիմիր Պուտինը:
«Այստեղ այնքան էլ չի կարելի համաձայնել: Այն, ինչ նա մեկնաբանում է որպես ճնշումներ, կարելի է նաև անվանել հասարակական կարծիքի արձագանք: Դժվար թե այս դեպքում պետք է դիմել նախագահին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Երաժիշտ Անդրեյ Մակարևիչը բաց նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով երկրի նախագահին դադարեցնել իր անունը վարկաբեկող «շաբաշը»:
Մակարևիչը բազմիցս կտրուկ է արտահայտվել Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, բացի այդ, նա աջակցություն է հայտնել Մայդանին և ուկրաինացի ժողովրդին: