Ուկրաինայի հարցով Մինսկում նախօրեին կայացած բանակցություններից հետո, որոնց ժամանակքննարկվել էին նաև Մաքսային միության զարգացման հեռանկարները, Ղազախստանի նախագահը հանդիպել է ղազախական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և խոսել նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության մասին, հայտնում է newsmail.ru-ն:
Նազարբաևի խոսքով՝ Մաքսային միության հարցով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն առանձին հանդիպում են անցկացրել: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ անցկացնել, որոնց շրջանակներում ծրագրվում է որոշել ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության հարցը:
Աղբյուրը նշում է, որ Նազարբաևն այս մասին ղազախստանցի լրագրողների հետ խոսել է կեսգիշերն անց, ինչը բավականին ուշ ժամ է պաշտոնական հանդիպումների համար: Իսկ դա իր հերթին վկայում է բանակցությունների բարդության և կարևորության մասին: