Այն մեթոդը, որով միջնադարյան Վենետիկը պայքարում էր XIV դարի ժանտախտի համաճարակի դեմ, կարող է օգտագործվել նաև այսօր, հատկապես՝ աֆրիկյան որոշ երկրներում Էբոլա վարակի դեմ պայքարում: Նման պնդմամբ է հանդես եկել ամերիկացի գիտնական Իգոր Լինկովը, ով հրապարակել է իր հոդվածը Environment Systems and Decisions ամսագրում, հայտնում է lenta.ru-ն:
14-րդ դարում Վենետիկը խիտ բնակեցված կենտրոն էր, որտեղ խաչվում էին բազմաթիվ առևտրային ուղիներ: 1347 թվականին քաղաքը դարձավ ժանտախտի համաճարակի կենտրոններից մեկը: Սկզբում բնակիչները փորձում էին աղոթքով ու ծիսակարգերով պայքարել չար ուժերի դեմ, սակայն հետո անցան ավելի գործուն մեթոդի:
Նրանք սկսեցին հսկել, թե ովքեր են ելումուտ անում Վենետիկ, բացի այդ սկսեցին մարդկանց տալ հատուկ պաշտպանիչ հագուստ, ապա ստեղծեցին լազարեթներ՝ այսպես կոչված կարանտինային կետեր, որտեղ պահվում էին վարակակիրները:
Այս մեթոդը, ըստ գիտնականի, բավականին արդյունավետ է, քանի որ միջնադարյան Վենետիկին, այնուամենայնիվ, հաջողվեց հաղթահարել ժանտախտն այն դեպքում, երբ Եվրոպայի այլ մասերում այն դարձել էր անհաղթահարելի: