Սողանքի հետևանքով փակ է Լարս-Ստեփանծմինդա` Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը, և այս օրերին բոլոր նրանք, ովքեր պատրաստվում էին Ռուսաստան հասնել համեմատաբար մատչելի տարբերակով՝ ավտոբուսով, ստիպված են մեկնել օդանավով: Շատերն ասում են, որ ավիատոմսերի գինը արհեստականորեն բարձրացվել է՝ հաշվի առնելով այլընտրանքի բացակայությունը: Այս առիթով Tert.am-ը զրուցեց ավիատոմսեր վաճառող մի քանի ընկերությունների աշխատակիցների հետ:
«Go Travel» տուրիստական գործակալության աշխատակիցը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դեպի Ռուսաստան իրականացվող չվերթների ավիատոմսերը ոչ թե թանկացել են, այլ վաճառքի են հանվել օդանավի բարձրակարգ տեղերի տոմսերը, որոնք ավելի թանկ են:
«Համեմատաբար ցածր գին ունեցող տոմսերը արդեն վաղուց սպառվել են և մնացել են թանկ տոմսերը, հիմա քանի որ պահանջարկ կա, և մարդկանց պետք է շտապ հասնել Ռուսաստան ստիպված են գնել թանկ տոմսերը»,- ասաց նա և նշեց, որ սեպտեմբերի 3-ից հետո գները անհամեմատ կիջնեն:
Նա ընդգծեց, որ այս օրերին սպառվել են դեպի Ռուսաստան գնացող բոլոր ուղղությունների համեմատաբար ցածր գին ունեցող ավիատոմսերը և մնացել են 110-180 հազ. դրամ արժեցողները:
«Հոթ-Տուրս» ընկերության աշխատող Նաիրան էլ նշեց, որ ավիատոմսերի արժեքը բարձր է եղել ամբողջ օգոստոսի ընթացքում, իսկ էժան տոմսերը շատ վաղուց են սպառվել:
«Քանի որ ցամաքային ճանապարհը փակ է, մարդիկ ստիպված են գնել թանկ տոմսերը, որովհետև այլ տոմսեր չկան: Երևի գիտեք, որ ցանկացած չվերթի ժամանակ տարբեր գների տոմսեր կան: Բնականաբար, էժան տոմսերը սպառվել են, և ովքեր պետք է շտապ հասնեն Ռուսաստան ստիպված են գնել թանկ տոմսերը: Այսօր մարդիկ հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ պատրաստ են վճարել 150-ից 180 հազ. դրամ: Այսինքն՝ այս նույն գնի տոմսերը նախորդ շաբաթ կրկին այս գինն ունեին»,- ասաց նա և ընդգծեց, որ միշտ էլ օգոստոս և հունվար ամիսներին էժան տոմսերը շատ արագ են սպառվում:
Ընկերության աշխատողն ընդգծեց, որ արհեստականորեն արված որևէ բան այստեղ չկա: