Աֆրիկյան հերթական երկրում՝ Սենեգալում, գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Press-ին հղումով։
Պետության առողջապահության նախարարության համաձայն՝ հիվանդը երիտասարդ գվինեացի է, որը հավանաբար վարակվել է իր երկրում։ Դրանից հետո նա ուղևորվել է Սենեգալ և հատել սահմանը մինչ օգոստոսի 21-ը. այդ օրը Դաքարը որոշում է ընդունել սահմանը փակելու մասին։
Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը բավարար է։ Այժմ իշխանությունները փորձում են պարզել նրա բոլոր կապերն ու շփումները մինչ հոսպիտալացումը, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը։
Էբոլա տենդի բռնկումը սկսվել է այս տարվա փետրվարին Գվինեայում, այնուհետ տարածվել հարևան Սիերա Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վիրուսն արդեն 1.552 մարդու կյանք է խլել։