Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հայտարարությունը, ըստ որի` Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կպայքարի «Հայոց ցեղասպանության» դեմ, թուրք-ադրբեջանական համերաշխության համատեքստում է ասվել:
«Թուրք-ադրբեջանական համերաշխությունը կամ «Մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսը գործում է միայն Հայաստանի և հայերի պարագայում, այսինքն` հայատյացության պարագայում»,-ասաց թուրքագետը և ավելացրեց, որ չի կարծում, թե Հայոց ցեղասպանության դեմ Թուրքիան և Ադրբեջանը կարող են ինչ-որ ծրագիր կազմել:
«Թուրքիան և Ադրբեջանն ունեն լուրջ տարաձայնություններ` այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Իրանի հարցերում, Իսրայելի նկատմամբ դիրքորոշման հարցում, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցում էապես տարբերվում է Թուրքիայի դիրքորոշումից»,- ասաց նա:
Հակոբ Չաքրյանը նշեց, որ Թուրքիան մի քանի տարի առաջ լոբբիստական կազմակերպությունների հետ մի քանի տարվա համար 120 միլիոն դոլարի պայմանագիր էր կնքել, սակայն արդյունքը եղավ այն, որ մի շարք երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: «Չնայած Թուրքիայի պայքարին` ճանաչման գործընթացը ծավալվել է: Այսինքն` այդ ժխտողականությունը կամ պայքարը որևէ արդյունքի չի հանգեցրել»,- ասաց նա:
Թուրքագետը հատկանշական համարեց, որ ՀՀ ԱԳՆ-ի` Թուրքիայի նախագահի երդմնակալության այցելության ժամանակ Ռեջեփ Էրդողանին` Ցեղասպանության 100–րդ տարելիցին հրավիրելու հանգամանքին հատուկ անդրադարձ են կատարել թուրքական լրատվամիջոցները: