Թուրքիան խոստովանում է իր մասնակցությունը
АналитикаՆախօրեին թուրքական «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի արած հայտարարությունը կարելի է հերթական խոստովանություն համարել։ Ֆիդանը նշել է, թե Անկարան հսկայական ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն։
Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան սահման ունի Կովկասում, և այստեղ պատերազմներն ու անկայունությունը ազդում են նաև իրենց երկրի վրա։ «Հետևաբար մենք շատ լուրջ ջանքեր ենք գործադրում այնտեղ կարգուկանոնի և անվտանգության ապահովման, անվտանգային համակարգի հետ կապված։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն, տարածաշրջանային երկրներին և համաշխարհային տերություններին հավասարման մեջ պահելով, որպեսզի այնտեղ թեժ հակամարտությունը չազդի Թուրքիայի վրա»,- նշել է Ֆիդանը։
Թե ինչպիսի «չափավոր ուժ» կամ «որակյալ դիվանագիտություն» է գործածել Թուրքիան, ասել չարժե։ Հետևանքները պարզ երևում են թե՛ 44-օրյա պատերազմի արդյունքներից, թե՛ Արցախի լիակատար հայաթափումից։ Խնդիրն այն է, որ թուրքական կողմը տևական ժամանակ հերքում էր իր մասնակցությունը 44-օրյա պատերազմին, բայց հետագայում թե՛ Էրդողանը, թե՛ այլ թուրք պաշտոնյաներ քանիցս խոստովանել են, որ իրենք հենց լրջագույն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում։ Թուրքական կողմի պահվածքը որևէ մեկի համար գաղտնիք չէ։
Անկարան այլևս կարող է չսեթևեթել՝ պարզորոշ նշելով, որ հենց ինքն է եղել պատերազմի հրձիգներից մեկը։ Նման պայմաններում Թուրքիայի հետ խաղաղության մասին խոսելու գործող իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան պարզ երեսպաշտություն։
Սոնա Գալստյան