ՀՅԴ-ում, ինչպես ՀՀԿ-ում, կադրային սով է
AnalysisԱրդեն հայտնի է, որ ՀՅԴ-ի համար են կիսելու վերջերս վերամիավորված ՏԿԱԻՆ նախարարությունը: Հայտնի է նաև, որ նորացված Տարածքային կառավարման նախարարությունը կղեկավարի «հին ու բարի» ժամանակներից մեզ բաժին հասած Դավիթ Լոքյանը, Կրթության նախարարի աթոռը կրկին կվստահվի Լևոն Մկրտչյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը կղեկավարի Արծվիկ Մինասյանը:
Այն, որ Դաշնակցությունն էլ է սկսել նույն անձանց շուրջ պտտվել և իր ընկերների ցանկը ոչ մի կերպ չի թարմացնում, վկայում է այն մասին, որ ՀՅԴ-ում, ՀՀԿ-ի նման, կադրերի սով է:
Եթե անկեղծ, ապա ողջ հանրապետությունում հիմա իսկապես նորմալ կադրեր չկան: Մի մասը հուսահատությունից լքել է երկիրը, մյուսներն էլ այնքան երկար ժամանակ են անգործ մնացել, որ կորցրել են և՛ մասնագիտական հմտությունները, և՛ իրականության զգացումը:
Այնուամենայնիվ, հիշենք, որ Լևոն Մկրտչյանը մինչ այս արդեն երեք անգամ նույն պաշտոնին նշանակվել ու ազատվել է: Եթե նա դեռ չի հոգնել ոլորտից, ապա ոլորտը հաստատ նրանից հոգնած կլինի, առավել ևս, երբ իր պաշտոնավարման ժամանակներից ոլորտում արձանագրված դրական փոփոխություն հիշելը բավականին դժվար ու անշնորհակալ գործ է:
Բայց, քանի որ դա քաղաքական որոշում է, ուրեմն հենց այդպես էլ կլինի՝ Դաշնակցությանը տրված նախարարական պորտֆելներից կրթության նախարարինը բաժին կհասնի Լևոն Մկրտչյանին, իսկ երկար տարիների նախարարական գործունեության հարուստ փորձ ունեցող մեկ այլ թեկնածու՝ Դավիթ Լոքյանն էլ կղեկավարի Տարածքային նախարարությունը:
Ի դեպ, վերջինը վերջին 18 տարում Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից սկսել, ԱԺ պատգամավորի աթոռով շրջանցել, երկու տարի Քաղաքաշինության նախարար աշխատելուց հետո եկել և հասել է Գյուղնախարարի աթոռին: Այստեղ նրան հաջողվել է մնալ 5 տարի, բայց 2008թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի հրամանագրով լքել է գյուղնախարարի պաշտոնը, ըստ պաշտոնական վարկածի,ՀՅԴ բյուրոյի անդամ ընտրվելու պատճառով: Նրա ժամանակ էլ գյուղնախարարության աշխատաոճում կամ ոլորտում առանձնապես ցնցող նորարարական կամ ստեղծագործական փոփոխություններ չեն եղել: Ոլորտն այդքան տարի ինչ խնդիրներ ուներ, նույն խնդիրներն էլ մնացել էին այնքան, մինչև նրա պաշտոնավարման ավարտը:
Ստացվում է, որ իսկապես ՀՅԴ-ում էլ առանձնապես ոգևորված չեն երիտասարդ սերունդ աճեցնելու և նրանց համար ուղիներ հարթելու հարցում: Այստեղ նույնպես գերադասում են հինն ու փորձվածը: Բայց հարց է ծագում, որ եթե նրանց մինչ այս չի հաջողվել ոլորտում որևէ շրջադարձային հաջողություն արձանագրել, ինչու են կուսակցությունում որոշում կայացրել նրանց կրկին փորձել: Գուցե հենց դա է պատճառը, որ վերջին օրերին Դաշնակցությունը լքելու բազում դիմումներ կան, քանի որ շարքային եղբայրներն էլ են հոգնել առանց կուսակցական աճ արձանագրելու հանուն գաղափարի սեփական կյանքը մաշելուց:
Ա.Գրիգորյան