«Բարեփոխումները»՝ ընթացքի մեջ
AnalysisՎերևներում, պարզվում է, ականջալուր եղան Նիկոլի առաջարկին և շարունակեցին նախարարությունների մասնատման գործընթացը։
Ինչպես արդեն հայտնի է Սերժ Սարգսյանը ստորագրել է ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն առանձնացնելու հրամանագիրը։
Օրեր առաջ, երբ կիսվեց արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը, պաշտոնապես հայտարարվեց, որ այդ քայլը բխում է ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության բովանդակությունից։ Սակայն, ինչպես տեսնում ենք, հետագա գործընթացները պայմանավորված չեն միայն կոալիցիոն շարժառիթներով և իրականում մենք գործ ունենք Սերժ Սարգսյանի հայտնի ելույթում նշված «բարեփոխումների» հետ։ Թե ինչ բարեփոխումների ենք մենք հանդիպելու և ամենակարևորը՝ ում շահերին են ծառայելու այդ բարեփոխումները, պարզապես կարող ենք ենթադրել՝ նկատի ունենալով անցյալի տարատեսակ փոփոխություններն ու վերջիններից հիմնական օգտվողներին (Իմացիր՝ «Հանրապետական կլան և ընկերներ» կորպորացիա)։
Պետք է շեշտել, որ Սերժ Սարգսյանը միայն գործադիրում չէ, որ մասշտաբային գործողությունների է անցել, այս մասին են վկայում Ոստիկանությունում կատարվող տեղաշարժերը, քանի որ Վովա Գասպարյանն արդեն պաշտոնանկ է արել Կոտայքի, Շիրակի և Արագածոտնի ոստիկանապետերին, Երևանի մի քանի վարչական շրջանների ոստիկանապետերին։
Սակայն, մյուս կողմից, պաշտոնանկությունները ոստիկանությունում կշարունակվե՞ն, թե՞ ոչ, ըստ էության, էական չեն, էական չեն նաև, թե գործադիրում ինչ կիսումներ, ձևումներ ու փոխատեղումներ կկատարվեն։ Էական չեն այն պարզ պատճառով, որ ներկայում պետականության առջև ծառացած ու անընդհատ խորացող մարտահրավերները պայմանավորված չեն լոկ անձերով, կառավարման մոդելով կամ նախարարությունների քանակով։ Խնդիրն ընդամենը առկա վարչակարգի բովանդակության մեջ է։
Անկախ նրանից, թե առկա վարչակարգում ինչպիսի կոսմետիկ և պլաստիկ վիրահատություններ կկատարվեն, ինչպիսի կոալիցիաներ կձևավորվեն ու կքանդվեն, Հայաստանի քաղաքացին իր տանը նստած ունի այս վարչակարգի գնահատականը։ Քաղաքացին տեսնում է ամեն ինչ՝ և՛ մենաշնորհները, և՛ օլիգարխներին, և՛ մարտի մեկի կազմակերպիչներին անուն առ անուն, և՛ կաշառակերներին և այլն, և այլն։
Ինչ խոսք, հայաստանյան քաղաքական կյանքում կատարվող և սպասվող բոլոր փոփոխություններն ընթանալու են «Քաղաքացու համար» կարգախոսով, սակայն այդ փոփոխությունները կդառնան քաղաքացունը միայն այն ժամանակ, երբ քաղաքացին իր կենցաղում կզգա դրանք։ Բոլոր մնացած դեպքերում վարչակարգի ցանկացած ձեռնարկ կխորացնի հասարակության և իշխանության միջև առկա անջրպետը։ Իսկ ներկայիս վարչակարգն ունա՞կ է նման քայլերի, թե՞ ոչ, դժվար է ասել։ Այս հարցն էլ թերևս թողնենք ընթերցողին։
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան