Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արգելել է ԶԼՄ-ներով հրապարակել հայկական ուղղաթիռը խոցած պայմանագրային զինծառայող, ջոկի հրամանատար Իլքին Մամեդ օղլու Մուրադովի եւ նրա ընտանիքի լուսանկարները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից azvizion.az լրատվական կայքին հայտնել են, որ ԶԼՄ-ներում Իլքին Մուրադովի վերաբերյալ տեսանյութի եւ լուսանկարի հրապարակումը «ճիշտ քայլ չի եղել»: «Սոցիալական ցանցերում կամ տարբեր ճանապարհներով այդ անձի լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը ճիշտ չէ», -նշել է ՊՆ-ն:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:
Աշխարհը վաղուց է Ադրբեջանին ճանաչում որպես թիկունքից, դարանից խփող, անզեն, քնած մարդուն կացնահարող, մարդասպանին հերոսացնող, եւ, բնական է, որ մեր հակառակորդն իր տեսակին չի դավաճանել նաեւ այս անգամ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի այդ աննախադեպ սրման հետեւանքները խիստ ցավագին կլինեն ադրբեջանական կողմի համար եւ կմնան Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության խղճի վրա:
Ադրբեջանի ԶՈւ կողմից սադրիչ այդ միջադեպը դատապարտել են ՀՀ ԱԳՆ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀԱՊԿ-ը: