Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր «հայտնագործությունը» այն բանի վերաբերյալ, թե Ամերիկան հայտնաբերել են մուսուլմանները, այլ ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը, զայրացրել է իսպանացիներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, իսպանական լրատվամիջոցները մեծ տեղ են հատկացրել Էրդողանի նման հայտարարությանը:
Նրանք ընդգծել են, որ Կոլումբոսի օրագրում ամենևին էլ հիշատակում չի եղել Կուբայում գտնվող լեռներից մեկի վրա գտնվող մզկիթի մասին: Իսպանական ԶԼՄ-ները Թուրքիայի նախագահին ներկայացրել են իբրև իրականությունից հեռու առաջնորդի և պահանջել են ցույց տալ իրեղեն ապացույցներ իր հայտարարության վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկայի մուսուլման առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն է արել նոր «հայտնագործության» մասին: Նա հայտարարել է, թե իբր Ամերիկան հայտնաբերել են մուսուլմանները, այլ ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը: Թուրքիայի նախագահի «վկայությամբ», այդ մուսուլման ծովագնացներն են, որ 1178 թվականին'Կոլումբոսից երեք հարյուր տարի առաջ հասել են ամերկյան մայրցամաք: Իբրև իր խոսքերի ապացույց' Էրդողանը նշել է, թե Կոլումբոսը հիշատակել է Կուբայում գտնվող մի սարի գագաթին տեսած մզկիթի մասին: