Չինաստանը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի հակամարտող կողմերը կպահպանեն հանգստություն և զսպվածություն իրադրության հետագա լարումից խուսափելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտարարություն է արել Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոնգ Լեյը:
Նա հորդորել է կողմերին հիմնահարցը կարգավորել բանակցությունների և երկխոսության միջոցով: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցողական դիրքորոշում կունենա այս հարցում:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատել են, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: