Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում և Լիբանանում ՀՀ դեսպանություններում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 388 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:
Ընդ որում, Սիրիայում տրամադրվել է 269, Լիբանանում' 119 գործ անձնագիր ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար:
Չգանձված պետական տուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 22 մլն դրամից ավելի գումար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:
«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
Իրավիճակն այդպիսին է համարվում Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2011թ. մարտից և Իրաքում' 2014թ. սեպտեմբերից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: