Օտարերկրյա քաղաքացիներին ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգի տեխնիկական խնդիրները լուծված են: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչին:
«Մենք շարունակում ենք աշխատել ԱՄՆ քաղաքացիներին անձնագրերի տրամադրման հայտերի, ամերիկացիներին հյուպատոսական ծառայությունների և ողջ աշխարհում նորմալ կերպով վիզաների ձևակերպման վրա»,- հայտարարել է պետդեպարտամենտի աշխատակիցը:
Նրա խոսքով՝ հյուպատոսական համակարգչային համակարգի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների անցկացրած պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով, որոնք կազմակերպվել են պետդեպարտամենտի համակարգչային ցանցի վրա ենթադրվող հաքերային հարձակումից հետո, որի մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ իշխանությունները:
Դիվանագետը հստակեցրել է, որ խոսքը վերաբերել է միայն նրան, որ հնարավոր չի եղել ստանալ կրեդիտային քարտերի օգտագործմամբ վճարումները տարբեր ծառայությունների համար, ինչպես նաև հնարավորություն չի եղել գերատեսչության կայքերում անմիջապես տեղադրել ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հաղորդագրությունները: