ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն և հայտնաբերել օրենսդրական մի շարք խախտումներ «օրգանական» և «բիոլոգիական» անվանումով պարենային և ոչ պարենային ապրանքներ արտադրող ընկերությունների գործունեության մեջ: Ուսումնասիրվել է մոտ 100 ընկերության գործունեություն, որոնց ֆիրմային անվանման մեջ առկա են «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձևերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից, պարզվել է, որ մի շարք ընկերությունների այս գործելաոճը մոլորեցնում է սպառողներին, քանի որ վերջիններիս մոտ ստեղծվում է տպավորություն, իբրև նման մակնշում պարունակող արտադրանքը ունի առավելություն, քանի որ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Բացի այն, որ մի շարք ընկերությունների նման գործունեությունը վնասում է սպառողների շահերին, այն նաև խոչընդոտում է նմանատիպ արտադրանք թողարկող և իրացնող առավել բարեխիղճ ընկերությունների գործունեությանը:
Ուսումնասիրված մոտ 150 ընկերություններից խախտում է հայտնաբերվել ընդհանուր առմամբ 80-ի մոտ. 55 ընկերության մոտ՝ «էկո», 20-ի մոտ՝ «բիո» և 5-ի մոտ «օրգանական» անվանումով ապրանքներ արտադրելու կամ իրացնելու համար: ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, մրցակցային օրենսդրության խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար 80 ընկերություններ ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:
Համաձայն օրենքի, ընթացիկ տարվա հունվարի 1-ից «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձևերը կարող են օգտագործվել միայն զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող և իրացնող տնտեսվարողների կողմից: Այլապես ընկերության ֆիրմային անվանման մեջ կամ անհատականացման այլ միջոցներում նման տերմինների օգտագործումը համարվում է անթույլատրելի:
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, տնտեսվարողի նման վարքագիծը, որը կարող է մոլորության կամ շփոթության մեջ գցել սպառողներին նրանց առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում:
Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանելու օրինախախտ ընկերությունների գործունեության հանդեպ և լինելու է հետևողական, որպեսզի վերջինները աշխատեն արդար մրցակցային կանոններով: