«Այս պահին, 17-ը նոյեմբերի, ժամը 13:45, ես հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման։ Սա միայն ՊՆ-ի անելիքը չէ:»
Օրեր առաջ նման գրառում էր կատարել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը: Վերջերս նրա հացադուլին էր միացել նաև քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը:
«Միացել եմ Դավիթի հացադուլին, որովհետև կարծում եմ, որ նրա բողոքը ճիշտ է: Կարծում եմ, որ խայտառակություն է, որ դիակները մնան թշնամիներին», - նշել էր նա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Սանասարյանը հայտարարել է հացադուլի դադարեցման մասին. խոցված ուղղաթիռի օդաչուների մարմիններն արդեն հայկական կողմի մոտ են, այլապես ինքը շարունակելու էր հացադուլը նաև ՄԱԿ-ի գրասենյակի և դեսպանատների դիմաց:
Նշենք, որ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում արդեն տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Մերի Շարոյան