Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. Նիկոլ Փաշինյան

Interview

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

 Al Arabiya – Պարոն Փաշինյան, բարի գալուստ Al Arabiya: Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար: Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակն այսօր Ղարաբաղում՝ հատկապես նկատի առնելով, որ Դուք օրերս կոչ արեցիք համընդհանուր ռազմական և քաղաքացիական պատրաստության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով վտանգավորության մասին: Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն:

 

Նախ, արձանագրենք, որ այս պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Որովհետև հիմա արդեն ակնհայտ է և ապացուցված, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան՝ հարձակումը ձեռնարկելու համար:

Երկրորդ, այս պատերազմը, ըստ էության, դարձավ շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների, որոնք սկսվեցին օգոստոսին և չավարտվեցին մինչև պատերազմի մեկնարկը: Թուրքիայի որոշակի ռազմական կոնտինգենտ պատերազմի մեկնարկի պահին շարունակում էր գտնվել Ադրբեջանում և մասնակցում է պատերազմին:

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու է այս ամեն ինչը հետաքրքրում Թուրքիային: Կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը դիտարկենք այն էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է, և իմ համոզմամբ՝ այդ քաղաքականությունը պետք է միջազգային հանրության կողմից խստագույնս կասեցվի: Հակառակ դեպքում՝ այն նույնպիսի սպառնալիքներ է պարունակում ինչպես Միջերկրական ծովի երկրների, արաբական աշխարհի, Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպայի համար:

Ես մի քանի անգամ ասել եմ նաև եվրոպական հեռուստատեսությունների և լրատվամիջոցների հետ զրույցներում, որ եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները:

Al Arabiya – Պարոն Փաշինյան, Դուք նշեցիք, թե ինչու է Թուրքիան շահագրգռված Ադրբեջանին աջակցելու հարցում: Բայց Դուք նաև մեղադրեցիք Բաքվին՝ Թուրքիայի միջոցով վարձկաններ ներգրավելու համար, ինչպես նաև պատասխանեցիք հայկական արմատներով արաբներին օգնության կանչելու՝ Ձեզ հասցեագրված մեղադրանքին: Ո՞րն է տարբերությունը վարձկանների և նրանց միջև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ, մենք այդպիսի երևույթ չունենք, չկա այդպիսի երևույթ: Երկրորդ՝ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր աշխատում կամ ապրում են որևէ օտարերկրյա երկրում, և այս իրավիճակից ելնելով՝ նրանք վերադառնում են՝ իրենց հայրենիքը պաշտպանելու: Եվ կան ղարաբաղցիներ, ովքեր ապրում են արտերկրում և վերադառնում են իրենց հայրենիքը պաշտպանելու: Բայց ես Ձեզ ասեմ, որ այդպիսի երևույթ, որը կարող է դիտարկվել որպես մասշտաբային, մենք չունենք: Ես չեմ բացառում այդպիսի դեպքեր, բայց բացառում եմ, որ այս տրամաբանությունից դուրս որևէ բան մենք ունենանք:

Al Arabiya – Պարոն Փաշինյան, ո՞րն է այս հակամարտության լուծման Ձեր տեսլականը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Առաջինը՝ պետք է ռազմական գործողությունները դադարեն, որովհետև ռազմական գործողությունների պայմաններում դժվար է պատկերացնել դիվանագիտական լուծում: Որից հետո պետք է տեղի ունենան առարկայական բանակցություններ լուծումների վերաբերյալ, այնպես, ինչպես նախատեսված է Մոսկվայի՝ հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից:

Al Arabiya – Այս անգամ ի՞նչը կարող է համոզել Հայաստանին նստել և բանակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել բանակցությունների, միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների: Պրոբլեմն ուրիշ բանում է՝ այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի: Ես Ձեզ կարող եմ բերել 2011 թվականի Կազանի օրինակը: Գիտեք, հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ անկախության, ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը: Բայց 2011 թվականի, այսպես կոչված, Կազանյան պրոցեսի ընթացքում հայկական կողմը համաձայնվել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ, որը վերջնական կարգավիճակ չէր, այլ ընդամենը միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ իր նախնական նշաձողից որոշակիորեն հետքայլ էր կատարել՝ կոմպրոմիսի հասնելու տրամաբանությամբ: Բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց հայկական կողմին: Այս պրոցեսն է, որ թույլ չի տվել և միչև օրս էլ թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման:

 Al Arabiya – Պարոն Փաշինյան, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ, և իրենք անպայման կօգնեն նրանց: Ինչպե՞ս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները: Որովհետև ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել: Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը:

Al Arabiya – Պարոն Փաշինյան, Ձեր թվիթներից մեկում Դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջները միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր չեն և կոչ արեցիք ճանաչել և առերեսվել պատմական իրողությունների հետ: Միջազգային իրավունքի ի՞նչ դրույթների վրա եք Դուք հիմնվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, շատ կարևոր է, որ մենք իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Իմիջիայլոց, 2 կամ 1 օր առաջ շատ կարևոր բան տեղի ունեցավ: Ցավոք, շատ դեպքերում փորձ է արվում Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, այսինքն՝ վեճ, որտեղ կա 2 կողմ: Մի կողմն ասում է՝ այս հողը մերն է, մյուս կողմն ասում է՝ այս հողը մերն է: Բայց իրականում այս կոնֆլիկտը կապ չունի այդպիսի պնդումների հետ: Ի՞նչն էր կարևոր:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2 օր առաջ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում, հայտարարեց, որ սա ծագել է ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես էթնիկ կոնֆլիկտ: Ցավոք, քանի որ հակամարտության պատմությունը բավական երկար է, միջազգային հանրությունը շատ հաճախ կորցնում է սկզբնաղբյուրը և ընկալումը, թե այս ինչ պատմություն է Ղարաբաղի հարցը: Իսկ Ղարաբաղի հարցն այս փուլում ծագել է 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունում սկսվել էին ժողովրդավարացման պրոցեսներ: Այդ ժամանակ կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի բնակչությունը 80 տոկոսով հայերն էին: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, օգտվելով Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթացներից, որոշեց բարձրաձայնել իր խախտված իրավունքների հարցը:

Իսկ որո՞նք էին իրենց խախտված իրավունքները: Խորհրդային Միության ձևավորման պրոցեսում՝ արդեն 1920-ական թվականներին, էլի 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի՝ Ստալինի կայացրած կամայական որոշման արդյունքում: Եվ Լեռնային Ղարաբաղի հայությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանը որոշեց բարձրաձայնել այդ հարցը և բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարի միջոցով փորձել լուծել այդ խնդիրը, կարգավիճակի խնդիրը, ինչին Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնություններով: Եվ այդ բռնություններն առաջինը արտահայտվեցին ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում՝ հայերի նկատմամբ ձեռնարկված բռնություններով և սպանություններով: Սա կոնֆլիկտի առաջին փուլն էր:

Հաջորդ փուլը զարգացավ Խորհրդային Միության փլուզման իրավիճակում: Եվ, ըստ Խորհրդային Միությունում գործող կարգերի, եթե խորհրդային հանրապետություններից մեկն ստանում է անկախություն, նրա կազմում գտնվող ինքնավար միավորումները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է, կարող էր որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ: Որովհետև նրանք միասին էին ընդգրկվել Խորհրդային Միության կազմում՝ ոչ թե միասին էին ընդգրկվել, այլ միասին ունեին սուբյեկտություն Խորհրդային Միության կազմում: Երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին հռչակեց իր անկախությունը: Եվ ինչպես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Ադրբեջանն է անկախացել Խորհրդային Միությունից, նույն տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից:

Այո, մինչ այսօր միջազգային հանրությունն այդ փաստը, այդ անկախացումը չի ճանաչել: Եվ կոնֆլիկտի էությունը կամ պայքարը հենց դրա մեջ է. Լեռնային Ղարաբաղի հայությունը պայքարում է, որ իր ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից: Սա է ամբողջ պատմությունը: Բայց շատ կարևոր է հասկանալ այդ անկախացման պատճառը, պատճառահետևանքային կապը: Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե անկախության է ձգտել ուղղակի քմահաճույքի համար, այլ պարզապես Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքն ունեցել է գոյութենական վտանգի խնդիր, ինչն արտահայտվել է նախ մշակութային ցեղասպանության երևույթներով, 1988 թվականի խաղաղ պայքարից հետո՝ արդեն բռնություններով, 1991 թվականից հետո արդեն լիարժեք ռազմական հարձակմամբ:

Հիմա էլ մենք այսօր տեսնում ենք, որ Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը հրթիռակոծվում են: Ըստ էության, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը, ընդգծեմ, միշտ եղել է բնակչության 80 և ավելի տոկոսը, չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում: Չի կարող գոյություն ունենալ: Եվ այս իրադարձությունները, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ահաբեկիչներ և ահաբեկչական մեթոդներ, ևս մի փաստով և փաստարկով է լրացնում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, որը միջազգային իրավունքի մեջ ընդունված է ձևակերպել որպես «անջատում հանուն փրկության»:

Al Arabiya – Պարոն վարչապետ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հենց դա եմ ասում: Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար:

Al Arabiya – Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենց բանակը վերահսկողություն է հաստատել որոշ սահմանամերձ գյուղերի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ռազմական գործողություններ են տեղի ունենում, շատ ծանր ռազմական գործողություններ, և որոշակի առաջընթաց ունի Ադրբեջանի բանակը: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և Պաշտպանության բանակը հերոսաբար պայքարում են իրենց անվտանգության համար և մտադիր են պայքարել մինչև վերջ:

Al Arabiya – Պարոն վարչապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, թե ներկայիս առճակատումը կապված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքների հետ և տարբերվում է երկու ժողովուրդների միջև ավանդաբար առկա հակամարտությունից իր գազային բաղադրիչով: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գազն այստեղ հաստատ ունի ոչ առաջնային իմաստ: Եվ փորձ է արվում որոշ ուժերի կողմից այս կոնֆլիկտին տալ երբեմն գազային ենթատեքստ, երբեմն կրոնական ենթատեքստ, երբեմն, ասացի, տարածքային ենթատեքստ: Ինչո՞ւ է այդ ամեն ինչն արվում: Կոնֆլիկտի բուն էությունից ուշադրությունը շեղելու համար: Սա շատ կարևոր է: Տեսեք, Ձեր հարցերին ի պատասխան անընդհատ փորձում էի ասել, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք կոնֆլիկտի էության վրա: Այն ինչի՞ մասին է: Որովհետև որևէ պրոբլեմ բուժելու համար անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել: Ինչո՞ւ են ասում տարածքային վեճ: Ինչո՞ւ են ասում գազի կոնֆլիկտ: Ինչո՞ւ են ասում երբեմն կրոնական կոնֆլիկտ: Բուն էությունից շեղելու համար: Որովհետև եթե ախտորոշված չէ, ճիշտ ընկալված չէ, այդ պրոբլեմը չի լուծվի: Հետևաբար, դա անում են այն ուժերը, ովքեր հետաքրքրված չեն պրոբլեմի էությամբ և պրոբլեմի լուծմամբ: Հետաքրքրված չեն: Նրանց պետք է նենգափոխել՝ իրենց շահերն այդ համատեքստում սպասարկելու համար: Ի՞նչ կապ ունի գազն այստեղ ընդհանրապես:

Al Arabiya – Ի վերջո, մինչև ե՞րբ է այս հակամարտությունը շարունակվելու, և ինչպե՞ս պետք է այն ավարտվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են՝ բռնությունները դադարեցնելու համար: Բայց, էլի եմ ասում, մենք այստեղ էլ պետք է էությունը հասկանանք: Որովհետև մինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկում էին հրադադարի հաստատման հարցը, Թուրքիան ի սկզբանե ասում էր, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց և հաստատվում է – սա միակ փաստը չէ, մյուս փաստերը ես նշեցի – որ Թուրքիան է, որ ավելի բորբոքում է այս կոնֆլիկտը և տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը: Եվ հիմա պատահական չէ, որ կան երկրներ, որ բռնությունների դադարեցման հենց այս հաջորդականությունն են տեսնում՝ ահաբեկիչների և վարձկանների հեռացում տարածաշրջանից և Թուրքիայի մասնակցության սահմանափակում այս կոնֆլիկտին: Հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա այդ արդյունքը:

Al Arabiya – Դիտորդները նաև հարցնում են, թե արդյոք Հայաստանը ծանրակշիռ ապացույցներ ունի՞ Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես 2 փաստի մասին կցանկանայի խոսել, որպեսզի շատ երկար չմանրամասնեմ:

Առաջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում:

Երկրորդ՝ վարձկանների առկայության վերաբերյալ հայտարարություններ են արել Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Համացանցում կան հրապարակված նյութեր, որոնք արդեն հրապարակային են, որոնք ապացուցում են այդ ամենը: Եվ Հայաստանն էլ իր հերթին ունի ապացույցների պատրաստած փաթեթ, որոնք մենք տրամադրել ենք մեր միջազգային գործընկերներին և կարող ենք տրամադրել:

Al Arabiya – Թույլ տվեք Ձեզ վերջին հարցը տալ: Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել ադրբեջանցիներին ու հայերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ եզրափակիչ խոսքն այն է, ինչ ես ասել եմ վարչապետ դառնալուց հետո: Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար:

Al Arabiya – Պարոն վարչապետ, շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն:

Ավելին՝ այստեղ

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends