Հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում նոյեմբերի 28-ին, ժամը 11.15-ին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2002 թ. ծնված Արամ Ա.-ն, 2002 թ. ծնված Նարեկ Ն.-ն և 2004 թ. ծնված Նարե Ն.-ն, իսկ ժամը 15.20-ին հիվանդանոցում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Քրիստինե Հ.-ն և 1983 թ. ծնված Թեհմինե Ա.-ն, որոնք նշել են, որ տանը թունավորվել են գազի արտահոսքից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, Գորիսի Մ.Խորենացու փողոցի 41 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված բնական գազով գործարկվող ջրատաքացուցիչի այրված գազերը ռադիատորի քայքայված անցքով արտանետվել են բնակարան, ինչի արդյունքում տանը քնած նշված անձինք ստացել են սուր էկզոգեն թունավորում և ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: