Մինչ համաժողովրդական շարժման առաջնորդները կորոշեն Սերժ Սարգսյանի վարչախմբին վերջնագիր ներկայացնելու օրն ու ձևը, համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլևս չմասնակցել: Երբ կլինի վերջնական որոշում Ազատության հրապարակ գնալու ու տուն չվերադառնալու մասին, այդ ժամանակ էլ իրենք անելիք կունենան այդ պայքարի մեջ: Երեկ այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի հստակեցմանը՝ եթե եռյակն առաջիկայում նախկինի պես բազմահազարանոց հանրահավաք կազմակերպի, չե՞ն մասնակցի, պատասխանեց. «Եթե գալու են վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է: Արդեն այդտեղ անելիք չկա»: Այս մարտավարությունից ելնելով՝ ազատամարտիկները չեն մասնակցի նաև ոչ պակաս վճռական ու ՀԱԿ-ԲՀԿ գործունեությանը քննադատող Րաֆֆի Հովհաննիսյանի մենահավաքի՞ն, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, դեկտեմբերի 5-ին: «Առանձին ակցիաներին ու հավաքներին մենք չենք մասնակցում, եթե համաժողովրդական կլինի, կոնկրետ իշխանափոխության նպատակին կծառայի՝ ուրիշ բան: Մենք վճռական գործողությունների կողմնակից ենք, բայց ոչ առանձին-առանձին միջոցառումների ձևով: Միայն համաժողովրդական պայքարի միջոցով ու կոնկրետ քայլով: Հիմա քննարկումներ են գնում, մեզ համար էլ եթե հիմնավորեն՝ համաժողովրդական շարժման էս ձգձգումն արդարացված է, կտեսնենք, թե ինչ միտում ունի, ու կբարձրաձայնենք մեր անելիքների մասին»: Ըստ մեր զրուցակցի, մինչև դեկտեմբերի 5-ը կարող է և իրավիճակ փոխվել: Դեկտեմբերի 10-ին էլ սպասվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված եռյակի երթը, որին ևս ազատամարտիկները չեն պատրաստվում մասնակցել:
«Րաֆֆի լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե այլ առաջնորդ, առանձին հավաքներին մենք չենք մասնակցի, մի անգամ կորոշեն ու վերջ: Ով ուզում է լինի, անձնավորված հավաքներին մենք չենք գնա, համաժողովրդական առաջարկների դեպքում միայն: 10-ին էլ պիտի հավաքվեն, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա համար երթ կազմակերպեն, սրանք էնպիսի միջոցառումներ են, որ ամեն օր արվում են Ազգային ժողովի, կառավարության, այլ գերատեսչության մոտ, հո մենք ամեն տեղ չե՞նք վազելու, մենք հոկտեմբերի 24-ից հետո հայտարարել ենք՝ մենք կանգնելու ենք այն ուժի շուրջ, ով որ գալու է խնդիր լուծելու, մնալու նպատակով: 5-ին կամ 10-ին եթե չեն հայտարարի, որ ռադիկալ իշխանափոխության համար են հավաքվելու, չենք գնա, ինձ համար ցանկալի է նոր տարին մտնել առանց իշխանությունների:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: