Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանի հրաժարականը չի պահանջել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Սաֆարյանը:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ Գորիսից հասած տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը օրերս իր մոտ է կանչել Գորիսի պետական համալսարանի ռեկտորին և հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից:
«Թերթը սխալ է գրել, նման բան չի եղել: Մարզպետն ինձ նման բան չի ասել: Ես Սյունիքի մարզպետի հետ վերջին մեկ տարում չեմ հանդիպել, հետևաբար նման բան չէր կարող լինել»,-իր խոսքում նշեց Յուրի Սաֆարյանը:
Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն են ռեկտորի հարաբերությունները մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, Սաֆարյանը պատասխանեց. «Դե ես չէի ասի շատ լավ են, բայց դե… իրար հետ չենք հանդիպում, իմ ու մարզպետի հարաբերությունները սառած են»:
Վերջերս yerkir.am-ին տված հարցազույցում մարպետն ասել էր, թե ռեկտորը ժամանակին սազը վերցրած քանի տարի իր գովքն է արել, բայց հիմա փոխվել է:
«Ոչ մի գովազդ չի եղել, կարող է ինչ-որ առիթների ժամանակ ինչ-որ բաներ ասած լինեմ, բայց ես իրան երբեք գովազդ չեմ արել»,-պարզաբանեց Յուրի Սաֆարյանը: