«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պետք է դիմեն դատարան՝ չվճարված աշխատավարձերը ստանալու համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Իրավաբանի խոսքով, եթե նաիրիտցիները դատարան դիմեն, հնարավոր է ֆինանսական միջոցներ չունենալու համար «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչվի:
««Նաիրիտ» գործարանի նման վաղեմի հսկայից մնացել է ընդամենը 2 100 աշխատող, և ըստ տեղեկությունների՝ մնալու է միայն 500-ը, մնացած 1 600 աշխատողը ազատվելու է աշխատանքից»,-ասաց Փիլիպոսյանը և հավելեց նաև, որ թեև պետք է միան ազատվեն այն աշխատողները, որոնց հաստիքները կրճատվում են, սակայն միանգամից 2100 աշխատողի ծանուցում ուղարկելը օրենքի խախտում է և անհասկանալի է՝ ինչո՞ւ է դա արվում, բացի այդ, պետք է նրանց վերջնահաշվարկ վճարվի, սակայն դրա մասին խոսք չկա:
«Օրենքում նշված է, որ ազատելու հիմքի մասին էլ պետք է աշխատողին տեղյակ պահեին, բայց միայն ամսաթվի մասին են տեղյակ պահում: Անընդհատ խոսվում է , որ նոր աշխատատեղեր են ստեղծում, բայց եղածն են վերացնում»,- ասաց նա:
Ավելի վաղ, Օrer.am-ը հայտնել էր, որ գործարանի աշխատողները հիմա էլ գործարանի առջև են բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատավարձերի պարտքերը և հետո նոր ազատել աշխատանքից: Նշենք նաև, որ աշխատակիցների չվճարված աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: