Արևային էներգիայի նոր զարգացումը. Չինաստանը՝ էներգետիկ «գորիլլա»
Economics«Ember» ընկերությունն ուսումնասիրել է աշխարհի էլեկտրաէներգիայի 93 % -ը ապահովող 78 երկրներ և պարզել, որ այդ երկրներից 60-ը իրենց էլեկտրաէներգիայի 10 և ավելի տոկոսն ապահովում են քամու և արևի շնորհիվ, ընդ որում եվրոպական մի շարք երկրներ բավականին լուրջ արդյունք են գրանցել։ Անցած տարվա ընթացքում Դանիայում քամու և արևի էներգիայի արտահանման ծավալները ամենաբարձրն են եղել։ Այդ երկիրը վերականգնվող աղբյուրների շնորհիվ արտադրել է իր ամբողջ ծավալի 60,8 %-ը, Լիտվան և Լյուքսեմբուրգը հաջորդում են՝ 48,4 և 46,6 % համապատասխանաբար։ Բացարձակ թվով հաշվելով առաջին տեղում Գերմանիան է, որը 185 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա է արտադրել քամու և արևային էլեկտրաէներգիայի շնորհիվ, երկրորդ և երրորդ տեղերում Իսպանիան և Մեծ Բրիտանիան են։ Եվրոպան ընդհանուր առմամբ 805 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա է արտադրել վերականգնվող աղբյուրների շնորհիվ, ինչը զգալի պակաս է Չինաստանի ցուցանիշից։ Այդ երկիրը, որը աշխարհի մակարդակով առաջատարն է, 2022 թվականին արտադրել է 1241 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա արևային կայանների շնորհիվ։ Արևելյան Ասիայում «Գրինփիսի» առաջատար փորձագետ Լի Շուոյի մեկնաբանությամբ, «Չինաստանը նման է հսկայական գորիլլայի»՝ արևային էներգիայի արտադրության մեջ։ Նման ծավալները բացատրվում են ոչ միայն Չինաստանի ահռելի մասշտաբներով, այլև նրա էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացման արագընթաց տեմպերով։ Չինաստանը, իհարկե, առաջատարն է նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների գլոբալ էքսպանսիայի առումով։ Միևնույն ժամանակ երկիրը նաև ավելացնում է ածխային նախագծերի թիվը։ Արևային ֆոտոէլեկտրական սարքավորումների գլոբալ հզորության մեջ իրենց զգալի ավանդն ունեն նաև ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Ճապոնիան, թեպետ ոչ այն չափով, ինչպիսին կցանկանային։ Հայաստանի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և համաշխարհային մասշտաբով Հայաստանը չափազանց հետ է մնում առաջատար հարյուրյակից։
Դիանա Սարուխանյան