ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը նշանակվելուց անմիջապես հետո սկսել է կադրային ջարդ իրականացնել:
Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների` պարզվում է, որ նորանշանակ պետը որոշել է իր շուրջը հավաքել իր մտերիմներին և վերջերս էլ ՍԱՊԾ է բերել սփյուռքի նախարարության իր նախկին կոլեգաներից մեկին: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին` Արթուր Դումանյանը, ով մասնագիրտությամբ թուրքագետ է, նոր պաշտոն է ստացել ՍԱՊԾ-ում: Վերջինս զբաղեցնելու է ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ նորանշանակ պետը նախկինում զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեղակալի պաշտոնը:
Պարզվում է, որ աշխատանքից ազատվել է նաև ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, ով Orer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն արձակուրդում է գտնվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով իրեն տեղեկացրել են, որ ծառայության պետն այլևս չի ուզում իր հետ աշխատի:
«Ես այս պահին դեռևս արձակուրդի մեջ եմ և դա իմ հասանելիք արձակուրդն է: Ուրբաթ օրը, լրագրողներից մեկը հարցազրույց էր ուզում անցկացնել, ես ասեցի, որ արձակուրդում եմ և նախկինի պես ես չեմ որոշում, թե ով խոսի և առաջարկել եմ զանգահարել ծառայության տեղեկատվական բաժին: Սա ծառայության պետը դիտել է, իր խոսքով ասած, գործը մեկը մյուսի վրա գցելու հանգամանք և հայտնել է, որ այլևս չի ուզում ինձ հետ աշխատել»,-իր խոսքում ասաց Արմինե Սուքիասյանը:
Վերջինս հավելեց, որ սա թերևս ծառայության պետի համար ընդամենը պատրվակ է եղել:
«Նորանշանակ պետն աշխատակիցներից մի քանիսին կարծես մեկուսացրել էր և օրերով անգամ զանգերին չէր պատասխանում, այդ թվում և մամուլի խոսնակի»,-ասաց Արմինե Սուքիասյանը` նշելով, որ այս օրերին, երբ արձակուրդում է գտնվել, անգամ տանից է աշխատել, ծառայության համար հաղորդագրություններ է տարածել և մեկնաբանություններ տվել: