Օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, թե շատ կարևոր է աշխատել ՄԻՊ-ի հետ, այլ ոչ թե ինտելեկտուալ պատերազմներ մղել:
«Մենք ընտրել ենք համատեղ աշխատելու մարտավարությունը և կարծում եմ, որ այն գնահատականը, որ մեզ տվեցիք, մի քիչ չափազանցված էր, մենք մեզ ավելի քիչ ենք գնահատում: Երբ մենք բոլորս աշխատենք, այլ ոչ թե ինտելեկտուալ պատերազմներ տանենք, լավ կլինի բոլորիս համար: Շատ շնորհակալ եմ, որ դուք մեր աչքերն եք, ականջներն եք դրսից: Մենք երախտապարտ ենք դրա համար», -ասաց Գասպարյանը և հավելեց, որ ՄԻՊ-ը կարողանում է իր փոքրաթիվ աշխատակազմով ահռելի աշխատանք տանել, գերատեսչություններին ոչ միայն ուղղություն տալ, այլև դիմակայել:
Նա շեշտեց, որ այն գնահատակնը, որ տվել է ՄԻՊ-ը ոստիկանությանը, չափազանցված է, իրենք շատ ավելի թերություններ ունենք, քան պաշտպանի 40-50 հոգուց բաղկացած անձնակազմը կարողանում է տեսնել:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին ժամացույց և կտակարան նվիրեց:
Իսկ քննարկման մեկնարկին ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանն առանձին-առանձին անդրադարձավ բոլոր ոլորտներին և նշեց, թե ոստիկանության համակարգում ամեն ինչ լավ է: