2014թ-ը պաշտպանության բանակի, ԼՂՀ-ի համար բավականին լարված տարի էր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով վերջին սահմանային զարգացումներին:
«Լարվածությունը սահմանին մեկ բարձրանում է, մեկ իջնում և եթե նախկինում ՊԲ հատվածում լինում էր կրակոցների 30-50 դրվագներ և հակառակորդը օգտագործում էր մինչև 1000 փամփուշտ, ապա այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-200-ի, իսկ փամփուշտների թիվը` 3-6 հազարի»,-ասաց նախարարը և հավելելց, որ հայկական բանակի ստորաբաժանումները պատասխանում են միայն կանոնավոր դիպուկահարների կրակոցներին:
«Եթե լինում են սադրանքներ, ապա այդ ժամանակ մենք ձգոտւմ ենք ոչ միայն պաշտպանվել, այլև` կանխել»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով խոցված ուղղաթիռի դեպքին, նախարարն ասաց, որ հետաքննությունն ընթանում է, բայց այս պահին որևէ նորություն չունի ասելու:
Լրագրողի դիտարկմանն էլ, թե ինչքան Հայաստանը հակամարտության կոնտեքստում պետք է լինի զիջողի դերում, քանի որ ԵԱՀԿ-ն բոլոր սահմանային միջադեպերը դատապարտում է երկկողմանի, պատասխանեց.
«Մենք զիջողի դերում չենք: Իհարկե մենք էլ կցանկանայինք, որ բոլոր խախտումները երկկողմանի չդատապարտվեին, այլ դատապարտվեր այն կողմը, որ իրականացրել է խախտումը: Բայց փորձը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում մենք կարողանում ենք մեր տեսակետները արտահայտել: Հարցի լուծման ուղղությունները երկխոսությունն է, խաղաղ պայմաններն են, փոխհամաձայնությունը և զինվորական հստակ փորձաքննությունը յուրաքանչյուր գործողության ընթացքում»: