Պահեստազորի գնդապետ, 6 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակից Գեւորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու, շարժման մյուս մասնակիցների ավտոմեքենաները հրկիզելու, ինչպես նաեւ ազատամարտիկների նկատմամբ բռնությունների դեպքերի առթիվ հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է.
«Մեր երկիրը բռնազավթված է: Կառավարող ռեժիմն իր կյանքը երկարացնելու համար պատրաստ են ամեն ինչի: Այսօր նա արդեն հանձնում է Արցախը եւ մեր պետականությունը:
Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Մի կողմից նա փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն հաշտվելու այս վիճակի հետ: Մյուս կողմից՝ նա ձգտում է բարոյապես թուլացնել հայկական բանակը, որպեսզի կարողանա իր սեւ գործն անել առանց լուրջ դիմադրության: Եվ զարմանալի կլիներ, եթե Շանթ Հարությունյանին, նրա ընկերներին, Հայկ Կյուրեղյաննին կամ ինձ չբանտարկեին:
Չէ՞ որ մենք թեկուզ տարբեր ձեւերով, բայց կոնկրետ քայլերով դեմ ենք դուրս եկել ռեժիմին: Սակայն բանտարկությունը չի կարող ընդհատել պայքարը: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր եղբայրների ու քույրերի արյան ձեռք բերած Արցախն ու հայկական պետականությունը պահպանելու համար: Մեզ կործանող չարիքի աղբյուրը ռեժիմն է, այդ պատճառով առաջին հերթին պետք է հեռացնենք նրան: Իսկ դրա համար պետք է համախմբվել եւ կազմակերպվել: Այդ նպատակով ես միացա Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների սկսած շարժմանը եւ 2014թ. մայիսի 16-ին առաջադրվեցի որպես Նոր Հայաստանի Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու: Սիրելի մարտական ընկերներ եւ հայ ժողովուրդ, մենք ժամանակ չունենք:
2015թ. ապրիլի 24-ին լրանում է Մեծ Եղեռնի 100-ամյակը: Սակայն պատմությունը կարծես կրկնվում է: Եթե մենք չկանխենք այսօրվա սպիտակ ցեղասպանությունը, վաղը նաեւ կարմիր ցեղասպանության կենթարկվենք: Մենք պարտավոր ենք ստեղծել այն Հայաստանը, որի համար զոհվել են Լեոնիդ Ազգալդյանը, Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը եւ մեր մյուս հերոսները: Կոչ եմ անում իմ բոլոր ազատամարտիկ ընկերներին եւ ամբողջ հայ ժողովրդին: Մեր կռիվը կիսատ է մնացել:
Ամեն ինչ արեք, որպեսզի հեռացնենք սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին եւ կառուցենք հայկական պետություն: Մի խաբվեք ընդդիմություն խաղացող գործիչներին եւ օլիգարխներին: Միացեք ճշմարիտ ազատամարտիկ եւ ազգային գործիչ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա գլխավորած շարժմանը: 2015թ. ապրիլի 24-ին պետք է դուրս գանք փողոց, հեռքացնենք ռեժիմին եւ կանխենք վաղվա ցեղասպանությունը: Սա Հայաստան է եւ վերջ 10 դեկտեմբերի 2014թ., Նուբարաշենի բանտ»: